ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել

Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել

Սյունիքի մարզի Շուռնուխ վարչական շրջանում այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցավ վերակառուցված բազմաբնակարան շենքի եւ բանալիների հանձնման արարողություն։ Բնակարաններում հաստատվելու են չորս ընտանիքներ, որոնցից երկուսը կորցրել են իրենց տները 44-օրյա պատերազմի հետեւանքով։ Մյուս երկու ընտանիքներն էլ սյունեցիներ են։

«Գորիսում անօթեւան մարդիկ չպետք է լինեն։ Գորիսում կա 86 ընտանիք, որոնք դեռեւս ապրում են տնակներում։ Իրենց տան խնդիրը եւս լուծվելու է, նախագծման աշխատանքներ են ընթանում։ Խնդիր ունենք՝ մինչեւ մյուս տարի ավարտել այդ շենքի կառուցման աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Համայնքում բացվեց նաեւ մանկական զարգացման կենտրոն, խաղահրապարակ եւ երիտասարդական կենտրոն։

Առուշանյանի խոսքով՝ Շուռնուխում կառուցվում է եւս 13 բնակարան՝ արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ։

«Հպարտորեն ասեմ՝ ոչ մի սահմանամերձ գյուղից որեւէ մեկը չի արտագաղթել։ Շուռնուխում կառուցվող տները մի քանի մետր են հեռու թշնամուց, բայց այստեղ մարդիկ մարտական են։ Պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ՝ մինչեւ Արցախի ազատագրում։ Մենք ոչ միայն պետք է իրենց տները կորցրած մարդկանց տուն տանք, այլեւ մեծացնենք գյուղը, նոր բնակիչների բերենք։ Ամեն բան պետք է արվի, որ այստեղի բնակիչների կյանքի որակը չզիջի Երեւանի, Գյումրիի կամ Գորիսի կենտրոնում ապրող մարդկանց կյանքի որակին»,- ընդգծեց Առուշ Առուշանյանը։

«Աստված տա՝ մենք երբեք ստիպված տներ չկառուցենք, այլ տերը լինենք մեր կառուցածին»,- բնակարանամուտի արարողության ժամանակ ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Ավելի վաղ համայնքի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գյուղում ևս գիշերային լուսավորություն կապահովվի՝ համայնքի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով:
Հիշեցնենք, որ Սյունիքի Շուռնուխ գյուղը բաժանվել էր «խորհրդային սահմանների» համապատասխան, ինչի հետևանքով 2021 թ. հունվարի 5-ին 11 տուն հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Դրանից հետո ՀՀ կառավարությունը նոր թաղամասի շինարարություն նախաձեռնեց, որի հանձնման ժամկետները սակայն անդադար հետաձգվում են։

  • Կիսվել: