ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուրջ 4000 այցելու, 30 գինի արտադրող. կայացավ «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը (լուսանկարներ)

Շուրջ 4000 այցելու, 30 գինի արտադրող. կայացավ «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը (լուսանկարներ)

Օգոստոսի 27-28-ը Դիլիջանում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում կայացավ «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 4000 այցելու։ Փառատոնին ներկա էին 30 գինեգործարաններ, ինչպես նաեւ տարբեր ոճային ռեստորաններ եւ տեղական արտադրողներ։

Փառատոնը իրականացվել էր Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։ Պատահական չէր ընտրվել Աղասի Խանջյանի ամառանոցը, որը, լինելով Հայաստանի պետական նշանակության հուշարձան, կարծես դարձել էր յուրահատուկ տարածք,
որտեղ միաձուլվել էին մշակութային ժառանությունը եւ այն արդյունավետ օգտագործելու քաղաքականությունը՝ ի շահ հուշարձանի հանրահռչակման, ճանաչման, պահպանման եւ կարեւորության։

Ծրագիրը ներառում էր գինու համտեսի վարպետաց դասեր, որտեղ այցելուները փորձառու սոմելյե Վլադ Խաչատրյանի հետ միասին համտեսեցին «TUS», «Meyron» եւ «Gevorkyan Winery» ընկերությունների գինիները եւ մասնակցեցին սաբրաժի վարպետաց դասի` համտեսելով «Keush»-ի հրաշալի գինիները։ Միջոցառմանը «Voskevaz Winery»-ի աջակցությամբ կայացավ անվճար գինով
նկարչություն։


Իսկական նորարարություն էր գինու կազինոն, որը կազմակերպվել էր «Decant wine shop»-ի կողմից։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաեւ ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական եւ պարային ներկայացումներ, ինչպես նաեւ իրականացվեց
բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթն ուղղվեց հաջակցություն Արցախի։


Փառատոնի երաժշտական մասը ապահովել էին հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ, մասնավորապես՝ օգոստոսի 27-ին ելույթ ունեցավ «Rafael Petrossian Trio»-ն Սոնա Գյուլխասյանի
մասնակցությաբ, իսկ օգոստոսի 28-ին՝ «Karen Grigoryan Trio»-ն Աննա Կոստանյանի մասնակցությամբ, եւ Tarup Trio by Miqayel Voskanyan-ը: Տարածքում գործում էր DJ Garage Vynil
Store-ը, որը ներկայացել էր էթնո վինիլային հավաքածուով։
Բացի բուն մշակութային ծրագրերը՝ այցելուները համտեսեցին լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։


«DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, որը զբաղվում է Հայաստանում խոշոր փառատոների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին
զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու եւ տեղական բիզնեսին աջակցելու համար։

 

 

 

 

  • Կիսվել: