Շները որոշակի հետք են գտել փլատակների տակ. 7-րդ զոհի մասին տվյալները ճշտվում են. ԱԻՆ խոսնակ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում կինոլոգիական շները որոշակի հետք են գտել, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահին անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Մենք փլատակներից 15 հոգու դուրս ենք բերել, որոնցից վեցին՝ մահացած, իննին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած։ Հիմա շարունակվում են որոնողափրկրարական աշխատանքները, կինոլոգիական շները որոշակի հետք են գտել, հիմա այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ տեսնելու, թե այդ հատվածում կան մարդիկ, թե՝ ոչ»,- նշեց Կոստանյանը։
Հայկ Կոստանյանն ընդգծեց, որ ԱԻՆ ուժերն ամբողջութամբ բավականացնում են, թե հրդեհաշիջման, թե որոնողափրկրարական աշխատանքները կատարելու համար։
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 13 մարդ:


