շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՇՄ նախարարը և Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՇՄ նախարարը և Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հեռանկարները

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Ողջունելով գործընկերներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև առկա երկարամյա համագործակցության փորձին։

 Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում 1995 թվականից ի վեր հիմնադրամի միջոցներով հանրապետությունում իրականացվել և իրականացվում է թվով 7 ծրագիր` 89.51 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններին ու նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

 Շրջակա միջավայրի նախարարության և ԳԶՄՀ-ի համագործակցությունը ներկայումս իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ/GEF) միջոցներով ֆինանսավորվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում։

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն հետաքրքրվածություն է ցուցաբերել համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության հետ Հարմարվողականության հիմնադրամի շրջանակներում, ինչի շուրջ քննարկում ծավալելու վերաբերյալ նխարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել։

 Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի ռազմավարական հնարավորությունների ծրագրի արդյունքների վերանայման առաքելություն։ Հայաստանի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը հաստատվել է 2018 թվականին և ընդգրկում է 2018-2024 թթ.-ը: Այն ՀՀ և ԳԶՄՀ միջև համագործակցության ռազմավարական փաստաթուղթն է։ ԳԶՄՀ թիմի հայաստանյան առաքելության նպատակն է գնահատել ռազմավարական փաստաթղթի իրականացման առաջընթացը։

Ռազմավարական փաստաթղթի հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացումն է։

Փաստաթղթում նախանշված համագործակցության ուղղություններից է նաև գյուղատնտեսության զարգացման համատեքստում բնական ռեսուրսների կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտներում համագործակցությունը, մասնավորապես՝ հետազոտությունների իրականացում և կարողությունների զարգացում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ոլորտում, բերքի ապահովագրություն, կարողությունների զարգացում նորարարական տեխնոլոգիաների և կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության ոլորտներում։

 Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման, կանաչ էկոնոմիկայի և կլիմայական ռազմավարության մշակման համատեքստում հնարավոր համագործակցությունը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել բոլոր այն ծրագրերի անխափան ու արդյունավետ ընթացքին, որոնք միտված են միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով ապահովել շրջակա միջավայրի կայուն կառավարումն ու պահպանությունը։

  • Կիսվել: