չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել գյուղատնտեսության ոլորտի առաջիկա 3 տարիների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ աշխատաժողովին

Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել գյուղատնտեսության ոլորտի առաջիկա 3 տարիների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ աշխատաժողովին

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված գյուղատնտեսության ոլորտի առաջիկա երեք տարիներին ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանավորման վերաբերյալ աշխատաժողովին: 

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ. շրջանակի, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026-2030թթ. ռազմավարական փաստաթղթերին, որոնք ուղղված են Հայաստանում համագործակցային, նորարար, դիմակայուն և կայուն գյուղատնտեսության զարգացմանը։ Այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության խթանումը և վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը փաստաթղթերում նշված ոլորտների առաջմղման նպատակով:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ձևավորելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական համակարգ՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը և գյուղական համայնքների բարեկեցության բարձրացմանը։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակներում նախատեսվող կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմայով միջոցառմանը, որը հնարավորություն կընձեռի ներկայացնելու կենսաբազմազանության պահպանության և կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացման ուղղությամբ ՀՀ փորձն ու տեսլականը։

  • Կիսվել: