երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք

Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Իրականացված աշխատանքներին ու դրանց ընթացքին ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 24-ին ծանոթացել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։

«3 բնակավայրում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 21 միավոր գյուղտեխնիկա, որից 4 տրակտոր, շուրջ 74,9 մլն դրամի շրջանակում։ Գյուղտեխնիկա է ձեռքբերվել Գյումրու սելեկցիոն կայանի համար, անասնաբուժական ավտոմեքենա էլ՝ Փանիկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի համար։ Գյուղատնտեսության ոլորտի 6 արտադրող-վերամշակողների տրամադրվել է 136,3 մլն դրամի դրամաշնորհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Աշոցք (Հարթաշեն, Բավրա, Մեծ Սեպասար) և Ամասիա (Ամասիա, Մեղրաշատ, Արեգնադեմ) համայնքներում ավարտին են մոտենում կենդանիների հավաքատեղիների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Աշոցքի (Թորոսգյուղ) անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքները։

  • Կիսվել: