հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզպետն ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրենին

Շիրակի մարզպետն ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրենին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Մարզպետը բարձր է գնահատել ընկերության գործունեությունն ու Շիրակի մարզում իրականացրած ծրագրերը․ «Մեզ համար կարևոր է ընկերության մարդասիրական առաքելությունը և տարբեր ուղղություններով իրականացրած ծրագրերը, հատկապես, երբ խոսք է գնում ամենախոցելի խավերի և արտակարգ իրավիճակներում առաջին օգնության մասին»։

Աննա Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, Շիրակում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Մասնավորապես, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»-ն աջակցում է միայնակ տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անապահով ընտանիքներին։ Համայնքային ինտեգրված տնային խնամքի և առողջ երկարակեցության նախաձեռնության շրջանակներում 202 միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում, Արթիկում և Մարալիկում խնամք և աջակցություն են ստանում։ 2020 թվականից ՀԿԽԸ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրած համաձայնագրով ստանձնել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, արձագանքել և աջակցել է Քովիդ-19 համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունն ու անել հնարավորը մարզի ազգաբնակչության հոգսերի թեթևացման համար։

  • Կիսվել: