1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հերթական անգամ այցելել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենք և տեղում հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցելության ընթացքում քննարկվել են մարզպետի կողմից պոլիկլինիկայում թանգարան հիմնելու գաղափարը կյանքի կոչելուն, ինչպես նաև շենքի պատմաճարտարապետական տեսքի պահպանմանն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը նախագծողի, տեխնիկական վերահսկողի և դիզայների հետ դիտարկել է, թե ինչպես կարելի է ժամանակակից առողջապահական ենթակառուցվածք ստեղծել՝ միաժամանակ չկորցնելով շենքի պատմական դիմագիծը։
1936 թվականին կառուցված շենքը տասնամյակներ շարունակ Գյումրու առողջապահական կյանքի կարևոր մասն է եղել։ Հիմնանորոգման շրջանակում նախատեսվում են շենքի ամրացման, վերականգնման և ներքին հարդարման աշխատանքներ։ Այս փուլում հիմնական աշխատանքներն իրականացվում են քանդման և ամրացման ուղղություններով։
Մարզպետի խոսքով՝ վերանորոգումը չպետք է վերածվի պատմական շենքի ամբողջական «փակման»․ Գյումրու ճարտարապետական արժեքները պետք է տեսանելի և հասանելի մնան նաև ապագա սերունդների համար։
«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք այս շենքը չվերանորոգենք այնպես, որ Գյումրու պատմությունը մնա բետոնի ու աղյուսի տակ։ Այստեղ յուրաքանչյուր պահպանված դետալ, յուրաքանչյուր հին հատված քաղաքի պատմության մի մասն է։ Մենք պետք է կարողանանք ամրացնել ու արդիականացնել շենքը, բայց միևնույն ժամանակ պահպանել այն, ինչն այս կառույցին իր դեմքն ու արժեքն է տալիս։ Ես նաև ցանկանում եմ, որ այստեղ ապագայում բժշկական թանգարան ստեղծվի։ Ստացվելու է շատ հետաքրքիր համադրություն՝ ժամանակակից պոլիկլինիկա, որի ներսում պահպանված կլինի Գյումրու բժշկության ու քաղաքի պատմության մի մասը։ Վստահ եմ՝ դա ոչ միայն առողջապահական, այլև մշակութային ու զբոսաշրջային կարևոր արժեք կարող է դառնալ Գյումրու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։ Բուժհաստատությունը կունենա նոր ինժեներական համակարգեր, ժամանակակից ենթակառուցվածքներ և բուժառուների ու բուժանձնակազմի համար բարելավված պայմաններ։
Հիմնանորոգման ընթացքում բուժսպասարկման շարունակականությունն ապահովելու համար պոլիկլինիկան ժամանակավորապես գործում է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։
Այդ տարածքի վերանորոգման համար ևս պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 110 միլիոն դրամ։



