ՌԴ Դաշնային խորհուրդն ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը
Սենատոր Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանն առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի համար Ռուսաստան մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը՝ ռուսների մասին նրա հայտարարությունից հետո: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա Առուշանյանի խոսքերն անվանել է արհամարհական՝ հավելելով, որդրանց համար պետք է պատասխանատվություն կրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որով քննադատել էր Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությունը, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Հրապարակման մեջ մարզպետը գրել էր, որ «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է այդ արտահայտությունը՝ հայտարարելով, որ նման հռետորաբանությունը հիշեցնում է գերմանացի նացիստների բառապաշարը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Ջաբարովը, որը գլխավորում է ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովը, Առուշանյանին կոչ է արել հիշել պատմական իրադարձությունները։ Նա նշել է, որ ռուս զինծառայողները նախկինում պաշտպանել են Հայաստանը ցեղասպանության սպառնալիքից, ապա մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին։
Պաշտոնյան նաև հիշեցրել է, որ այսօր Գյումրիում գտնվում են ռուս սահմանապահները և 102-րդ ռազմական բազան, որոնք «ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը»։
«Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ»,-ընդգծել է Ջաբարովը։
Նա պաշտպանել է Ռուսաստանի դեսպանատան արձագանքը և հայ պաշտոնյային մեղադրել այնպիսի հռետորաբանություն կիրառելու մեջ, որը նա կապել է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության հետ։
Ըստ սենատորի՝ նման կարգախոսներ նախկինում տարածվել են Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։



