երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կանցկացվի «Buissup Global Forum 2022»-ը

Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կանցկացվի «Buissup Global Forum 2022»-ը

Շուրջ 200 մասնակից, 20 խոսնակ, 30 մենթոր, շուրջ 50 ստարտափ և նոր ու բազմաթիվ գաղափարներ: Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կանցկացվի «Buissup Global Forum»-ը՝ այս տարի «Գաղափարից դեպի իրագործում» խորագրի ներքո։  Անվճար բիզնես Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ հնարավորն անում են, որ հաջողակ հայ գործարարները համախմբվեն՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության ու ներդրումային հնարավորությունների զարգացման։

«Ֆորումին մասնակցող թիմերն աշխատում են մենթորների հետ: 7 օրվա ընթացքում մենթորները կատարելագործում են նրանց ներկայացրած ծրագրերը: Գրեթե ամեն ժամ աշխատում են ծրագրերի ղեկավարների, թիմերի հետ և փորձում են հնարավորինս անել, որ վերջին օրն այդ ծրագրերը գրագետ ներկայացվեն ժյուրիի անդամներին և արդեն ներկայանան Armenian Business Forum-ի շրջանակում»,-նշեց Գ. Ղումաշյանը:

«Buissup Global Forum»-ի  հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ ֆորումը Հայաստանի համար աննախադեպ է.

«Հայաստանում վերջապես փորձ է արվում ստեղծել գործարար միջավայր, մանավանդ երիտասարդության շրջանակում, որտեղ գործարարությունը տարածում չունի, սերմանվում է սերը դեպի գործարարություն, բացի դա՝ այդ գործարարները դառնում են ավելի հաճախորդամետ»:

Երիտասարդ գործարարության զարգացմանը նպաստող  «Buissup» ծրագիրը սկիզբ է առել 2021 թվականին։ Նախորդ տարի ֆորումն ունեցել է 9 հաղթող. պորտֆելը՝ մոտ 1,5 միլիոն դոլար։ Ֆորումի հաղթողներից  «Text`nPayme » նախագծի համահիմնադիր Արթուր Կարապետյանը նշում է՝ իրենց թիմի համար «Buissup Global Forum»-ը եղել է բեկումնային՝ նշելով, որ կես տարվա ընթացքում կարողացել են ունենալ գրասենյակ, ընդլայնել թիմը, և ձեռք բերել ավելի շատ գործընկերների:

«Qayltech»-ընկերությունը ևս «Buissup Global Forum»-ի հաղթողներից է: Ընկերության տնօրեն Լիլիթ Գուրօղլյանը նշում է, որ ֆորումի շնորհիվ կարողացան ոչ միայն ընդլայնել իրենց թիմը, այլև նորարարական պրոդուկներ ներկայացնել միջազգային շուկաներ։

««Buissup Global Forum»-ն ու «Հայ գործարարների ասոցացիա»-ն մարդուն վերափոխում են բիզնեսմենի»,– ասում է ֆորումի հաղթողներից Medu.am-ի համահիմնադիր Գևորգ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ֆորումին մասնակցելով՝ Medu.am-ը սոցիալական պրոյեկտից դարձել է աշխատող բիզնես։ 

Նշենք, որ «Buissup Global Forum 2022»-ի հաղթողները հայտնի կլինեն սեպտեմբերի 10-ին:

  • Կիսվել: