չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՌԴ Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի մարզ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա երկու մարզերի համագործակցությունը ծավալել ամենատարբեր ուղղություններով՝ տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում։

Ողջունելով պատվիրակության այցը Գեղարքունիքի մարզ` նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր երկու մարզերի տարբեր գերատեսչությունների և տարբեր ներկայացուցչությունների հետ։
Ընդգծելով Օմսկի նահանգի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ, ներկայացրել եմ մարզը, նրա տնտեսական վիճակը և զարգացման հնարավորությունները, խոսել մարզում՝ պետական աջակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերի մասին: Վստահեցնում եմ, որ այս համագործակցությունը իր նպաստը կունենա երկու կողմերի միջև հեռանկարային տարբեր ծրագրերի իրագործման հարցում։ Անդրադառնալով Օմսկի երկրամասի հայկական համայնքին, որի շուրջ 50 հազար անդամների հիմնական մասը կազմում են Գեղարքունիքի մարզի բնակիչները` նշեմ, որ երկու մարզերի բարեկամության եւ համագործակցության ամենաամուր գրավականն ու լրջագույն ռեսուրսը հենց նրանք են։
2022թ.-ի հունվարի 20-ից` ՌԴ Օմսկի երկրամասի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միջև մեկնարկած համագործակցությունը արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները, որը վստահաբար կունենա փոխշահավետ ձեռքբերումներով լի շարունակություն, ինչի համար առկա են բազմաթիվ նախադրյալներ։

Այս հանդիպումը ևս մեկ կարևորագույն քայլ է մեր համագործակցության ճանապարհին։ Մնացածն արդեն հետեւողական քայլերի, գաղափարների նախագծման ու կյանքի կոչելու տիրույթում է, որտեղ պահանջվում է համատեղ ու նպատակասլաց աշխատանք։ Վստահ եմ նաև, որ մեր փոխադարձ շփումներն ու այցերը դեռեւս նորովի կբացահայտեն համագործակցության հնարավորությունների սահմանները եւ ուղղությունները, կտան սպասվող արդյունքները։
Ալեքսանդր Բուրկովն էլ իր հերթին նշեց, որ իրենք պատրաստակամ են ընդլայնելու կապերը երկու մարզերի միջև՝ գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի, հումանիտար և այլ ոլորտներում, կարևոր համարելով այդ համագործակցությունը նաև հայ համայնքի հզորացման հարցում և իրենց նահանգի համար շատ կարևոր է նոր գործընկերներ գտնելը, գործընկերներ՝ ոչ միայն որպես սպառողներ, այլ նաև որպես մատակարարներ։
Օմսկի և Գեղարքունիքի մարզերն արդեն իսկ ունեն ճանապարհային հստակ քարտեզ, որը մեզ տանելու է տնտեսական նոր հարաբերությունների ընդլայնման։ Հստակ են նաև համագործակցության ուղղությունները, դրանք կլինեն գյուղատնտեսության, պարենի, բիզնեսի, գյուղտեխնիկայի մատակարարման, կրթության ինչպես նաև IT ոլորտները։ Այդ ոլորտներում նոր կապերի հաստատումը հնարավորություն կտա զարգացնել բիզնեսը և ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ ինչպես Օմսկից Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ։
Այսօր արդեն իսկ տեսանելի են նախորդ հանդիպման պտուղները, ինչի արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը կնքեցին համագործակցության հուշագիր, որը թույլ կտա համագործակցել մշակութային փոխանակման, գիտության և կրթության ոլորտում»:

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Գեղարքունիքի մարզի «Սևանի իշխան» ՓԲԸ-ում, որը Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն է:

Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:
Գործադիր տնօրեն Դավիթ Շանոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են արտադրամասում, ծանոթացել գործունեության ամբողջ ցիկլին ու քննարկել Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը:

«Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակության հետ մշակութային այց կատարեցինք Հայրավանք, որը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է:

Եկեղեցում հյուրընկալեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը և Հայրավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը:
Հայր Սուրբը ողջունեց հյուրերին` ներկայացնելով վանական համալիրի պատմությունը, որից հետո հրավիրեց մոմավառության և աղոթքի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:

 

  • Կիսվել: