երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քայլեր կձեռնարկվեն Կրասարի կամուրջի վերականգնման ուղղությամբ

Քայլեր կձեռնարկվեն Կրասարի կամուրջի վերականգնման ուղղությամբ

Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն Կրասարի կամուրջի վերականգնման ուղղությամբ: Ստեղծված իրավիճակին և  կամուրջի վերականգնմանն առնչվող հարցերին ծանոթանալու նպատակով   Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ օգոստոսի 2-ին եղել է Կրասար բնակավայրում։

Ինչպես տեղեկացրի Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնից, 1872-ին մեկնարկած և 1892-ին շահագործման հանձնված կամուրջն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, ներկայումս գտնվում է վթարային վիճակում: Կամուրջը գտնվում է Կրասար-Մեծ Սեպասար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա և միմյանց հետ է կապում տարածաշրջանի գյուղերը։

«Մեզ համար Կրասարի կամուրջը ամենից առաջ արժեքավոր է որպես 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներաճարտարապետական կառույց: Եվ վերանորոգելուց մենք այն պետք է դիտարկենք որպես տեղական հուշարձան։ Որ կամուրջը վթարային է ու վտանգավոր՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք։ Մարզպետարանը՝ խնդրով մտահոգ, արդեն իսկ պատասխանատու կառույցների հետ խոսել է, կամրջի վթարային վիճակի և դրա վերականգնման աշխատանքների համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր գրություններ են ուղարկվել, ունենք արձագանք և կարծում եմ՝ առաջիկայում հստակ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման համար»,- բնակիչների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը՝  տեղեկացնելով, որ հաշվի առնելով հարցի հրատապությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են նախագծային փաստաթղթերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթներ։

Ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են՝ տեղում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ կամրջի մասնակի փլուզման պատճառներից մեկը հանդիսացել է 1956-57թթ. կամրջի վրայով անթույլատրելիորեն անցկացված Ղազանչի-Գյումրի ջրատարը: Այն այժմ չի գործում և կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում ենթակա է ապամոնտաժման: Կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել տրանսպորտային միջոցների համար: Անկանխատեսելի ճանապարհատրանսպորտային պատահարներից զերծ մնալու նպատակով փակվել է ճանապարհը՝ կամրջի երկու կողմերում տեղադրելով բետոնյա պատնեշներ:

  • Կիսվել: