Փոքր Վեդիի երաժշտական դպրոցի մանկավարժներն ու ծնողները դպրոցի տնօրենի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել
Այսօր Փոքր Վեդի համայնքի երաժշտական դպրոցի մանկավարժներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի տնօրենի փոփոխության դեմ։
Նրանք նշեցին, որ նախկին տնօրենը, որը նշանակվել էր 2019 թ., ուներ երաժշտական կրթություն, իսկ ներկա տնօրենը մաթեմատիկայի ուսուցիչ է։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին. ՛՛Օրենքը թույլ է տալիս, որ տնօրենն ունենա բարձրագույն կրթություն, և կոնկրետ չի նշվում մասնագիտությունը։ Բայց եթե դպրոցում ունենանք գրագետ փոխտնօրեն, որը մասնագիտական առումով կկարողանա կառավարել ամբողջ դպրոցի գործընթացը, որպեսզի մենք հետագայում չկանգնենք փաստի առաջ, չխաթարենք ճիշտ դասապրոցեսը, կարող ենք նաեւ աշխատել նշված տնօրենի հետ։ Նորանշանակ տնօրենի դեմ ոչինչ չունենք, ոչ էլ համայնքի ղեկավարի։ Համայնքի ղեկավարն է ընդունողն ու ազատողը, բայց պետք է նաեւ մի փոքր մեր կարծիքը հարցնի՛՛։
Նրանց խոսքով՝ իրենք չեն պահանջում նախկին տնօրենին, այլ գրագետ տնօրեն։ ՛՛Սակայն ինչու ոչ, եթե հնարավոր է՝ նաեւ հետ ենք պահանջում նրան, որովհետեւ նրան միտումնավոր հեռացրեցին՛՛,-այնուամենայնիվ՝ պնդեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ նոր տնօրենը նշանակվել է որպես պաշտոնակատար՝ մինչեւ մրցույթի անցկացումը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ նա ավարտել է Կառավարման ակադեմիան եւ լիովին համապատասխանում է պաշտոնին:
Նշենք, որ նախկին տնօրենն էլ պնդում է, թե իրեն անձնական նկատառումներով են ազատել:



