Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել
Իսպանիայի կառավարությունը Բարսելոնայում տեղի ունեցած զանգվածային բողոքներից և անկարգություններից հետո բնակարանային ճգնաժամի լուծմանն ուղղված հրատապ միջոցառումների փաթեթ է հաստատել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ նախորդ երեկոյան երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ պահանջելով մատչելի բնակարաններ և վարձակալների պաշտպանության ուժեղացում:
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են ուժեղացնել վարձակալների պաշտպանությունը, միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայում խարդախության դեմ և արգելել մարդկանց վտարումը, եթե նրանց չի տրամադրվել բնակության այլընտրանքային հնարավորություն։
Բարսելոնայում բողոքները դարձան Իսպանիայի տարբեր շրջաններում հանգստյան օրերին անցկացված ցույցերի շարունակությունը։ Հանրային դժգոհության աճի պատճառներից մեկը, մասնավորապես, 87-ամյա կնոջ պատմությունն էր, որին վտարել էին Մադրիդում գտնվող իր տնից, որտեղ նա ապրել էր մոտ 70 տարի։
Սկզբում որպես խաղաղ երթ սկսված բազմահազարանոց բողոքը հետագայում վերածվեց ոստիկանության և առավել արմատական տրամադրված մասնակիցների խմբերի միջև բախումների։ Նրանցից ոմանք քարեր էին նետում իրավապահների ուղղությամբ և հրդեհում աղբարկղերը։
Վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության հաստատած միջոցառումները մեծապես կրկնում են այն առաջարկությունների փաթեթը, որը խորհրդարանը մերժել էր անցած ուրբաթ։ Դրանից հետո Սանչեսը հայտարարել էր նոյեմբերի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
Այժմ կառավարությունը մտադիր է նոր միջոցառումները ուղարկել խորհրդարանի մշտական հանձնաժողովի վավերացմանը, որը շարունակում է աշխատել մինչև ընտրությունները։ Ի տարբերություն խորհրդարանի ամբողջական կազմի, որը ներառում է 350 պատգամավոր, մշտական հանձնաժողովը բաղկացած է 69 անդամից։
Նոր փաթեթը նախատեսում է մինչև 2030 թվականը երկարաձգել խոցելի քաղաքացիների պաշտպանությունը վտարումից, կարգավորել սենյակների վարձակալությունը, սահմանել նոր հարկ սեզոնային վարձակալության համար և արգելել անշարժ գույքի սպեկուլյատիվ գնումը։ Բացի դրանից՝ բնակարանների սեփականատերերին հարկային արտոնություններ են խոստացվել։
Բնակարանային ճգնաժամը շարունակում է մնալ Իսպանիայի ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը։ Բնակարանների պակասի պայմաններում անշարժ գույքի և վարձավճարների աճն այն դարձնում է անհասանելի բնակիչների գնալով ավելի մեծ թվի համար՝ չնայած երկրի կայուն տնտեսական աճին։



