շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Փող չկա, ո՞նց ապրենք»․ Բագրատաշենի անցակետում 80-ից ավել քաղաքացի անելանելի վիճակում է՝ ցանկանում են մեկնել ՌԴ, թույլ չեն տալիս

«Փող չկա, ո՞նց ապրենք»․ Բագրատաշենի անցակետում 80-ից ավել քաղաքացի անելանելի վիճակում է՝ ցանկանում են մեկնել ՌԴ, թույլ չեն տալիս

Բագրատաշենի անցակետում այս պահին շուրջ 82 քաղաքացի, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն և որոնց ընտանիքի անդամները Ռուսաստանում են, արդեն 8 օր է՝ պահանջում է թույլ տալ լքել սահմանը։

«Մինչև հիմա երեք անգամ Վրաստանի, Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ հնարավորություն տրվել է մեծ թվով մարդկանց մեկնել ՌԴ, մուտք գործել Վլադիկավկազ։ Բայց հիմա հուլիսի 30-ից այստեղ ենք ոչ մեկ մեզ չի լսում, չի ուզում մեր հարցին լուծում տալ։ Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ասում են՝ մեր իրավասություններից դուրս է հարցի լուծումը»,- InfoPort.am-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց այս պահին անցակետում սպասող Արթուր Այնազյանը։

Նրա խոսքով, իր ընտանիքը՝ կինը և երեխաները, Մոկսվայում են, ունեն ՌԴ քաղաքացիություն, ինքը Հայաստանում է եղել և երբ սահմանվել է արտակարգ դրություն չի կարողացել մեկնել ընտանիքի մոտ։ Ասում է՝ արդեն հինգ ամիս  է ապրում է վարձով, գումարը վերջացել է, այլևս չի կարող այդ հաճույքն իրեն թույլ տալ։

«Ես Մոսկվայում տուն եմ գնել հիփոթեքով, և հիմա ստեղծված իրավիճակի պատճառով չեմ կարողանում վարկս մարել, կինս չի կարող աշխատել, երեխաներով է զբաղված։ Շատ անելանելի վիճակում ենք հայտնվել։ Մեզանից առաջ երեք խումբ ուղարկել են, նախադեպ եղել է, մենք տեսանք, որ հնարավոր է կազմակերպել, դրա համար եկանք»,- պատմում է քաղաքացին։

Այս մարդկանց մեջ կան տարեցներ, մանկահասակ երեխաներ, հղի կանայք։ Նրանց մեծ մասը, ըստ Այնազյանի, ՌԴ քաղաքացիություն ունեն, իսկ մյուս մասն էլ ՌԴ-ում ժամանակավոր ապրելու իրավունք ունեն։

«Այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը կամ այլևս փող չունի ապրելու, կամ տեղ չունի ապրելու։ Արդեն մի քանի օր է՝ մեքենաները դարձել են մեր անկողինները։ Մենք շատ խնդրում ենք իշխանություններին լուծում տան այս հարցին», -ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին։

  • Կիսվել: