հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԵԿ-ի շենքը կհանեն աճուրդի, փոխարենը կտան ՊՆ-ի նախկին շենքը․ «Հրապարակ»

ՊԵԿ-ի շենքը կհանեն աճուրդի, փոխարենը կտան ՊՆ-ի նախկին շենքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունն այս տարվա մայիսի 5-ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող 19.1 հա ընդհանուր մակերեսով հողամասը եւ 23,616.9 քառ. մետր մակերեսով շենքերը եւ շինությունները, որոնք հայտնի են որպես պաշտպանության նախարարության նախկին շենքեր՝ 07-053-0156-0013 կադաստրային ծածկագրով եւ 1 մլրդ 384 մլն 765 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից եւ ամրացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում պետք է կազմակերպվեր գույքի ընդունման-հանձնման գործընթացը։

 

Նշենք, որ ներկայում ՊԵԿ-ը տեղակայված է Խորենացու փողոցում գտնվող շենքում, որտեղ նստում է ՊԵԿ ղեկավարությունը, հիմնականում՝ հարկային բլոկը եւ աշխատակազմը, եւ Իսակովի 10 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված է Արարատյան մաքսատուն-վարչությունը, եւ որտեղ նստում է մաքսային ոլորտը համակարգող տեղակալը, ում աթոռն այս պահին թափուր է, ու մաքսայինի մյուս վարչությունները։ ՊԵԿ-ը վարչական շենքեր ունի նաեւ Երեւանի այլ տարածքներում։

 

Որոշման մեջ նշված է, որ գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի մայիսի 1-ը, պետք է ապահովվի սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։ Այսինքն՝ մինչեւ 2027 թվականը պետք է ՊԵԿ-ը դուրս գա Խորենացու փողոցի, Իսակովի պողոտայի եւ մյուս վարչական շրջաններում տեղակայված շենքերից եւ տեղափոխվի Պռոշյան՝ ՊՆ նախկին վարչական շենք։ Այս աշխատանքները տեւելու են 4 տարուց ավելի։

 

ՊԵԿ-ից մեզ ասացին, որ այս պահին արդեն սկսվել են որոշման հանձնարարականով նախատեսված աշխատանքները։ Հետաքրքրվեցինք՝ արդեն հայտնի՞ է, թե որքան գումար է նախատեսվելու ՊՆ-ի նախկին շենքի նորոգման եւ այնտեղ տեղափոխման համար, քանզի ՊՆ նախկին շենքը, թափուր մնալով, ամբողջությամբ քայքայվել է, եւ շատ մեծ ծախսեր են պահանջվելու այն օգտագործման պիտանի դարձնելու համար։ ՊԵԿ-ից ասացին հետեւյալը․ «Ֆինանսավորման հարցը դարձյալ քննարկումների փուլում է, կարող է ե՛ւ բյուջեից լինի, ե՛ւ դրամաշնորհային տարբերակի հնարավորություն ունենանք։ Հիմա առայժմ նախագծային աշխատանքներն են տարվում, որից հետո նոր պարզ կդառնա անհրաժեշտ բյուջեն»։

ՊԵԿ-ից հայտնում են նաեւ, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքերը հետ են հանձնելու Պետգույքի կառավարման կոմիտեին, այսինքն՝ վարձակալության գումարները չեն մուծելու պետությանը։ Բացի այդ՝ այս շենքերը, գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում, հետո կարող են իրացվել տարբեր բիզնես-նպատակներով։ Այսինքն՝ Պետգույքի կառավարման կոմիտեն կարող է բարձր գներով աճուրդի հանել ներկայում ՊԵԿ-ի կողմից օգտագործվող այս շենքերը, որոնք հետո մասնավորը կարող է ձեռք բերել ու դարձնել, ասենք, հերթական հյուրանոցը։

Հիշեցնենք, որ նույնկերպ աճուրդի հանվեց ու վաճառվեց նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը, որը պետք է դարձնեին հյուրանոց, սակայն մինչ օրս այդ շենքն այդպես էլ դատարկ է մնացել եւ դանդաղորեն քայքայվում է, ինչպես բոլոր չբնակեցված ու չօգտագործվող շենքերի հետ է լինում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: