ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել․ Գեղամ Մանուկյան

Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել․ Գեղամ Մանուկյան

Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով ԱԺ  փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե իշխող ուժը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծի։

Նա, մասնավորապես, նշել է․

«Արդեն հայտնի էր, որ ապագա խորհրդարանում «Հայաստան» դաշինքի առաջին քայլերից մեկը 44-օրյա պատերազմի ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնող քննիչ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունն էր լինելու։

Բոլոր վարագույրները պետք է բացվեին ու պատասխանատուները կանգնեին արդարադատության առաջ։ Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Բայց իր փրկօղակներով՝ ամեն շաբաթ Փաշինյանի հետ կլոր սեղանի շուրջ զրույցի բռնվող, ընտրություններում քիչ քվե ստացած ուժերի ներկայացուցիչներով։

Մինչդեռ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը սահմանում է ՀՀ օրենքը։ Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել։ Կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկի օրը, ամեն ինչ հանգամանալից կներկայացնենք։ Բայց այսօր իսկ հստակ է՝ հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու։ Արդար հատուցում լինելու է»։

  • Կիսվել: