շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Փաստ». Հայաստանում խնդիրները կուտակվել են, խորացել

«Փաստ». Հայաստանում խնդիրները կուտակվել են, խորացել

«Փաստ»-ը գրում է․

«Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, սակայն մեծամասամբ համակարգային լուծում չեն ստանում: Լուծումները կան, բայց գործընթացներն ընթանում են դանդաղ, մինչդեռ կան հարցեր, երբ հապաղելը կարող է շատ թանկ արժենալ բնության, նաև մարդկանց համար:

Իհարկե, ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սևանա լիճը, որն ամեն տարի ծաղկում է, լողալու համար դառնում է ոչ պիտանի, բայց ամենակարևորն՝ արդեն իսկ հնչեցվում է դրա ճահճացման ահազանգը:

Բնապահպանական կարևորագույն խնդիրներից հաջորդն, իհարկե, հանքարդյունաբերությունն է՝ անուշադրության մատնված պոչամբարներ, չգործող, բայց ռեկուլտիվացիայի չենթարկված հանքեր և այսպես շարունակ: Սրանք ոլորտի եզակի խնդիրները չեն, բայց թերևս ամենակարևորներից են:

Բնապահպան Կարինե Դանիել յանը «Փաստի» հետ զրույցում  նշում է, որ այս ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, որոնք հատկապես պետք է ուշադրության կենտրոնում պահել: «Գործողություններ արվում են, բայց դա շատ քիչ է: Հայաստանի փոքր տարածքում էկոլոգիական խնդիրները շատ կարևոր են, իսկ դրանց վրա ուշադրություն, կարծես թե, երբեք էլ չի դարձվել: Այս առումով խնդիրները կուտակվել են, խորացել. Սևանա լիճը՝ որպես պարզ օրինակ:

Այն, որ այսօր Սևանա լիճը ծաղկում է, ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հետևանք է՝ լճի մակարդակի իջեցում, աղտոտվածության աճ, ձկնային պաշարների կրճատում և այլն:

Իհարկե, հիմնականն աղտոտվածությանն ու մակարդակի իջեցման խնդիրն է, ինչի հետևանքով մենք արդեն ունենք ճահճացող Սևան, որը շատ լուրջ խնդիր է մեզ համար, բայց կարծում եմ, որ դրա գիտակցումը չկա:

Սրա մասին միշտ ենք խոսել, գրել, զգուշացրել: Ծրագրերը մշակված են դեռևս խորհրդային տարիներից:

Շատ քիչ բան է արվել: Մենք միշտ խոսում էինք վատագույն սցենարի մասին, որ եթե չարվեն կոնկրետ քայլեր, ապա կսկսվի լճի ճահճացումը, հիմա այդ սցենարի ականատեսն ենք:

Ամենակարևորն այն է, որ եթե այսպես շարունակվի, մենք Սևանա լճի ջուրը չենք կարող օգտագործել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ որևէ այլ նպատակով: Սևանը քիչ-քիչ կդադարի տուրիզմի կենտրոն լինելուց: Հակառակը՝ ջրերը իրար հետ կապված են, եթե Սևանը աղտոտվում է, ճահճանում է, դա ազդում է Հայաստանի գետերի վրա:

Սա Հայաստանի կորուստն է, բայց այդ գիտակցությունը չեմ տեսնում հատկապես ղեկավարության մոտ: Ես հետևյալ կերպ կվարվեի՝ կմիավորեի ժողովրդի, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի ջանքերը Սևանը փրկելու համար»,-ասում է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բնապահպանական մյուս կարևոր հարցը հանքարդյունաբերությունն է և հատկապես մետաղային հանքերի շահագործումը:

«Հատկապես պետք է ուշադրություն դարձնել Լոռիում և Սյունիքում մետաղական հանքերի շահագործմանը: Դրանք ամբողջությամբ թունավորում են շրջապատը ծանր մետաղներով, քանի որ բաց հանքեր են և պայթյունների, կատարվող աշխատանքի հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, տարածվում է ջրային ռեսուրսներով:

Այս երկու մարզերում, հատկապես Լոռիում հստակ նկատելի է հանքերի շահագործման բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Երկրում այսօր կա 21 պոչամբար, որոնք չեն համապատասխանում միջազգային և որևէ ստանդարտի, այնտեղ ուղղակի թույների կուտակում է:

Այս խնդրին ևս պետք է լուծում տրվի: Սևանա լճի վերականգնման և հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման ուղղությամբ հսկայական աշխատանք կա անելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն արձանագրում է՝ կարծես թե, թափոնների դասակարգման, վերամշակման գործընթացն արդեն սկսվել է: «Փորձ է արվում դրանք տարանջատված հավաքելու, ինչ հնարավոր է հետագայում վերամշակելու և օգտագործելու առումով: Իհարկե, գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, կա միջազգային հսկայական փորձ, տնտեսական օգուտները կարելի է զուգակցել բնապահպանականի հետ, ուղղակի պետք է լինի աջակցություն այն բիզնեսին, որը դրանով զբաղվում է կամ զբաղվելու է»,- եզրափակում  է Կարինե Դանիելյանը»։

  • Կիսվել: