ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանները դպրոցներում անցկացրել են «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ

Ոստիկանները դպրոցներում անցկացրել են «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ

2022-2023 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը, հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված ծառայություններ՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» խորագրով։

Ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ծառայությանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։

Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ոստիկանները սեպտեմբերի 6-ին հանրապետության դպրոցներում անցկացրին «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ։

Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույց-հանդիպումներ ունեցան տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Միջոցառման շրջանակում Երևանի թիվ 51 հիմնական դպրոցում աշակերտների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ և պարեկային ծառայության ներկայացուցիչներ։

Զրույցի ընթացքում աշակերտներին տրամադրվեց տեղեկատվություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ:

Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում. աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։

  • Կիսվել: