հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոնողափրկարարական աշխատանքները, տեղանքի առանձնահատկությունից ելնելով, դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան. ԱԻՆ

Որոնողափրկարարական աշխատանքները, տեղանքի առանձնահատկությունից ելնելով, դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան. ԱԻՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները տեղանքի առանձնահատկությունից ելնելով դադարեցվել են՝ առավոտյան վերսկսվելու նպատակով։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատել են մոտ 94 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են եղել նաև քաղաքապետարանի 3 տրակտոր, 7 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 935 փրկարարական ծառայող։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը մոտ 35 քաղաքացիների տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ 

  • Կիսվել: