ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ մի պաշտոնյա թող «Եռաբլուրում» մեր աչքին չերևա. Զոհվածի ծնող

Ոչ մի պաշտոնյա թող «Եռաբլուրում» մեր աչքին չերևա. Զոհվածի ծնող

Մենք մեր խոստմանը հավատարիմ երեկ երեկոյան ժամը 11-ին տիկնոջս հետ եղել ենք «Եռաբլուր» պանթեոնում. մենք ցանկանում ենք, որ որեւէ իշխանական թեւի անձնավորություն, կլինի ԱԺ-ից, կառավարությունից, թե առավել եւս նրանց գլխավորը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը, այստեղ մեր աչքին չերեւա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

«Բոլորը տեղյակ են, թե ինչ կատարվեց սեպտեմբերի 21-ին այստեղ: Բոլորիս մարմնական վնասվածք հասցնելով հեռացրեցին: Ես այդ դրվագը համեմատում եմ 1915 թվականի հետ, երբ սկզբում թուրքերը հավաքեցին մտավորականներին, ապա տղամարդկանց, հետո կանանց ու երեխաների ջարդը սկսվեց: Սեպտեմբերի 21-ին մեզ հետ վարվեցին նույն կերպ: Սկզբից տղամարդկանց մեկուսացրին, հետո սկսեցին կանանց առեւանգել:

Կարմիր ու սեւ բերետավորները, որոնք փողի համար պատրաստ են ամեն ինչ անելու, անհամաչափ ուժ գործադրելով մայրերի հանդեպ, տարան: Մեր Գոհար քույրիկին 4 խուլիգաններ գլուխը դեպի ներքեւ պահելով, որպեսզի արյան կաթված ստանա, աստիճաններով տարեն, շպրտեցին ներքեւ: Հաստավիզ լեյտենանտը թող իմանա, որ իր որդին անհետ է համարվում, գալու է ու նույն հաշվեհարդարի իր ու իր մոր հետ տեսնի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր որեւէ պաշտոնյա չի այցելել «Եռաբլուր», Վահիդ Սահակյանն ասաց. «Ինձ թվում է, որ սեպտեմբերի 21-ի օրը դաս եղավ էդ մարդկանց համար, որ իրենք չսպասված հյուր են մեզ համար, մեր տղաների համար:

Էդ մարդը բազմիցս ասել է, որ ձեր տղաների կյանքը կարելի էր փրկել, բայց չի ուզեցել: Իրեն զոհերի թիվ էր պետք, որ ասի՝ պայքարել եմ: Բա էսօրվա զոհերն ինչի՞ համար են: Այդ ծնողները չարձագանքեցին մեր կոչերին, չեկան, որ էդ խուլիգանին հեռացնենք, ու այսօր էդ ցավը հասավ իրենց դուռը: Եկեք միացեք, որ էդ մարդուն հեռացնենք: Ասում են՝ ով երկիրը ղեկավարի, ես ասում եմ՝ ով ուզում է լինի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը: Ինքը չարիք է, ինչքան մնա, այդքան շատ զոհեր ենք ունենալու»:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են բոլոր հիշատակի օրերն անցկացնել «Եռաբլուրում», զոհվածի ծնողը պատասխանեց. «Օրը կլինի հիշատակի, թե ոչ հիշատակի, էդ մարդիկ մեզ համար, մեր տղաների համար անցանկալի հյուր են, թող չգան»:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի սկսվելու 2-րդ տարելիցը:

  • Կիսվել: