հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհվածների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հարցին՝ քանի՞ ոստիկան է հարցաքննվում, Թադևոսյանը չհստակեցրեց, բայց ընդգծեց, որ դեռևս կասկածյալներ ու մեղադրյալներ չկան․ «Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Տուժող ճանաչելու գործընթացն է շարունակվում»:

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, երբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին, որոշ քաղաքացիներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներ, փորձել էին խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետի մուտքը: Ոստիկանները ապահովել էին հասարակական կարգի պահպանությունը:

  • Կիսվել: