ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժնի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  2-ը, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: