Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira»-ն. կան զոհեր ու վիրավորներ. նոր մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։
Տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանքի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։



