Ավտովթար Տավուշի մարզում․ Այրում քաղաքի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։05-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին, Այրում քաղաքի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 68-ամյա Վալերի Մ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան և Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Ա․-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վալերի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արկադի Ամիրզյանը և Հովիկ Եղիկյանը։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։



