երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ. Անդրեասյան

Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ. Անդրեասյան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության պատասխանատուներ, ավագ դպրոցների տնօրեններ։

Խոսելով առաջնային անելիքների մասին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսումնական տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվելու գալիք ուսումնական տարվանից նոր չափորոշիչների տեղայնացմանը նախապատրաստվելու համար: Այդ նպատակով նախատեսվում են վերապատրաստումներ, բովանդակային քննարկումներ: 2023 թվականի սեպտեմբերից նոր չափորոշիչը տեղայնացվելու է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:

«Սա նշանակում է, որ ավագ դպրոցների համար նոր չափորոշիչների ներդրումը կսկսվի 10-րդ դասարանից»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ աշխատանքի կազմակերպման սկզբունքների էական փոփոխություն է նախատեսվում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի` ավագ դպրոցներում ավանդաբար գործող հոսքային ուսուցման մոդելը կփոխարինվի անհատական ուսուցմամբ. «Ավագ դասարաններում ներդնելու ենք անհատական դասացուցակի մոդել. երեխաներին ուսուցանվելու են

պետական պարտադիր բաղադրիչով նախատեսված առարկաները, և նրանք ունենալու են ազատություն` ընտրելու դասացուցակի մնացած առարկաները` ըստ իրենց նախասիրությունների: Սա նշանակում է՝ փոխվելու է ավագ դասարանների կազմավորման ձևը: Մենք չենք ունենալու, այսպես կոչված, միասնական 10Ա կամ 10Բ դասարան: Օրինակ` 10-րդ դասարանում ունենալու ենք տարբեր առարկաների ուսուցմանը մասնակցող տարբեր խմբեր: Սա նշանակում է, որ նոր մոտեցում է ցուցաբերվելու ուսումնական գործընթացի կազմակերպմանը»:

Փոխնախարարի խոսքով` այս նոր սկզբունքը փորձարկվել է Տավուշի մարզում, և արդեն նկատվում է դրական արդյունք: Նոր մոտեցումները տեղայնացվելու են նաև գյուղական բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, որտեղ նույնպես կան ավագ դասարաններ:

«Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաները, անկախ բնակության վայրից, ունենան կրթության հավասար հնարավորություններ,- ասել է նա և հավելել,- ավագ դպրոցներն ունեն հավելյալ առաքելություն` դառնալ կրթության նորարարության կենտրոններ` ձևավորելով կրթական նոր առաջարկներ և բարձր պահանջարկ»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նոր չափորոշչով նախատեսված ուսուցչի դրույքի ժամային ծանրաբեռնվածության նվազմանը: Նոր չափորոշչի տեղայնացմանը զուգահեռ` ուսուցչի մեկ դրույք ծանրաբեռնվածությունը տարրական դասարաններում կսահմանվի շաբաթական 18 դասաժամ, միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ավագ դպրոցների տնօրենների հարցերին։

Անդրադարձ է եղել կամավոր ատեստավորմանը, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին, մասնավորապես՝ դպրոցների վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր իրավակարգավորումներին, ուսումնական պլաններին և այլ հարցերի:

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շարքն ամփոփվել է Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմամբ:

 

  • Կիսվել: