կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք հարցրե՞լ ենք կանանց, նրանք ուզո՞ւմ են, որ մենք արգելենք աբորտը. Քննարկում ԱԺ-ում

Մենք հարցրե՞լ ենք կանանց, նրանք ուզո՞ւմ են, որ մենք արգելենք աբորտը. Քննարկում ԱԺ-ում

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց մի խումբ փաստաբանների կողմից ներկայացված «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու առաջարկությումը։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը, չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին:

Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ այսպիսով առաջարկվում է արգելել բոլոր տեսակի աբորտները, այդ թվում՝ բռնաբարության արդյունքում, պտղի արատների դեպքում և այլն։

»Մենք, կարծես թե, գնում ենք 1940-50-ականներ։ Աշխարհը առաջ է գնացել և այսօր կան աբորտը կարգավորող միջազգային բազմաթիվ օրենքներ, կոնվենցիաներ, որոնցից շատերին միացել է Հայաստանը և կրում է պարտավորություններ»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Գայանե Ավագյանի, Հայաստանը դեռևս 2002 թվականին մշակել է «Մարդու վերարտադրողական առոջղության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, որն ԱՊՀ անդամ երկրների կողմից դրվատանքի է արժանացել։

«Հիմա այսքանից հետ մենք ուզում ենք արգելել աբորտը։ Մենք հարցրե՞լ ենք կանանց, նրանք ուզո՞ւմ են, որ մենք արգելենք աբորտը։ Արգելեցինք աբորտը, ի՞նչ է լինելու։ Ինչպես արդեն ցույց է տվել սովետական միության փորձը, 1936 թվականին արգելվեց աբորտը՝ մինչև 1956-ը, Ռումինիայի փորձը՝ 1966-ին արգելվեց, 1989-ին նորից ասեց՝ կներեք, ժողովուրդ, սխալվել ենք։ Եվ շատ երկրներում է այդպես։ Հիմա մենք, լինելով դեմոկրատական, առաջադեմ, ամբողջ աշխարհի կողմից ընդունված երկիր՝ կնոջ իրավունքի պաշտպանության իմաստով, հիմա գնում ենք դեպի քարե դա՞ր»,- նշեց Գայանե Ավագյանը։

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը միջամտեց. «Տիկի՛ն Ավագյան, ներողություն, այդպես ջղայնացած մի ասեք, ոչ մի տեղ չենք գնում, քննարկում ենք ընդամենը»։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը դիմելով հանրագրի հեղինակներին՝ հարցրեց, թե ինչպես են վերահսկողություն իրականացվելու։ «Ենթադրենք սա ընդունում ենք, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ նա, ով ունի հնարավորություն, ապա նմանատիպ օրենսդրության պայմաններում կդիմի տարբեր միջոցների, գնա այնպիսի երկրներ, որտեղ թույլ է տրվում աբորտը։ Ի վերջո կնոջը ոչ մեկ չի կարող ստիպել չընդահատել անցանկալի հղիությունը։ Ես դեմ եմ աբորտներին, բայց սա փաստ է։ Իսկ ովքեր դրա հնարավորություն չունեն, ապա անցանկալի հղիությունից կազատվեն վատ մասնագետների միջամտությամբ, նկուղներում, այնպես, ինչպես եղել է 1950-ականներին։ Հիմա դուք այս հարցի լուծումն ունե՞ք, եթե օրենքով աբորտն արգելվում է, ապա պարզ չէ, թե դրանից հետո ինչ է լինելու»,- ասաց Լուսինե Բադալյանը։

Հեղինակները նշեցին՝ հանրագրի իմաստն այն է, որ նախաձեռնվեն աշխատանքներ, որոնց նպատակն է պետությունը ճանաչի և պաշտպանի չնծված երեխայի կյանքի իրավունքը:

«Իհարկե հնարավոր է առաջանա «աբորտային տուրիզմ« հասկացությունը։ Օրինակ, մինչև 2018 թվականը Իռլանդիայում արգելված էին աբորտները, տարեկան մոտ 3000 կին ճամփորդում էր Անգլիա աբորտ անելու համար, բայց երբ դա օրինականացվեց, Իռլանդիայում այդ թիվը հասավ 6-7 հազարի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում բոլորը այլ երկրներում կամ պադվալներում կընդհատեն իրենց հղիությունը, այսինքն՝ երեխաների մեծ մասը կծնվի»,- ասացին նրանք։

Քննարկման մասնակիցները չընդունելով բերված նախագծերում ներկայացված դրույթների իրավական կողմերը՝ Նարեկ Զեյնալյանը հանրագրի հարցը դրեց քվեարկության, որը մերժվեց միաձայն:

  • Կիսվել: