«ՊՎԾ մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կներառվի ԱԺ լիագումար նիստում
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում ներառելու հարցը.
Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Իր խոսքում Ծառայության ղեկավարն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն է միտված ներկայացվող օրինագծերի փոփոխությունների փաթեթի մշակումը՝ դրանց թվում շեշտադրվելով մի քանի էական փոփոխություններ:
ՊՎԾ մասին Օրենքում և կից օրենքներում փոփոխությունները նպատակ ունեն վերացնել գործող Օրենքի՝ շուրջ յոթ տարվա գործողության ընթացքում ի հայտ եկած ընթացակարգային և գործառնական խնդիրները, հստակեցնել Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերը և բարձրացնել Ծառայության գործունեության արդյունավետությունը։
Առանցքային փոփոխություններից է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության լիազորության փոխանցումը ՊՎԾ-ին:
Այդ գործառույթն օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կիրականացվի հատուկ այդ նպատակով Ծառայության կազմում ստեղծվող առանձին մասնագիտացված վերահսկողական ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչության» կողմից: Ըստ այդմ՝ Ծառայության գործող հաստիքացուցակում նախատեսվում է մի քանի տասնյակ նոր հաստիքների ավելացում:
Նախագծով հստակեցվել են նաև ՊՎԾ կողմից իրականացվող՝ պետական վերահսկողության (ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ) իրականացման գործընթացները՝ սահմանելով դրանք որպես առանձին վերահսկողական լիազորություններ (ինստիտուտներ)։
Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակից դուրս են բերվել պետական կառավարման համակարգի մաս չհանդիսացող՝ Սահմանադրությամբ և օրենքներով ձևավորված ինքնավար մարմինները, իսկ պետական միջոցների կառավարման՝ բացառապես օրինականության վերահսկողության մասով Ծառայության վերահսկողության տիրույթ է բերվել Վարչապետի աշխատակազմը: Մարզպետների աշխատակազմերը ևս սահմանվել են որպես ՊՎԾ վերահսկողության օբյեկտներ՝ թե՛ արդունավետության, և թե՛ օրինականության վերահսկողության տիրույթում:
Տեղական ինքնակառավարման մարմիններում ևս Օրենքի փոփոխության արդյունքում Պետական վերահսկողական ծառայությունը կունենա վերջիններիս պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության և այդ միջոցների տրամադրման համար ելակետային տվյալների արժանահատավության վերահսկողության լիազորություն, ինչպես նաև ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացների համապատասխանությունը ՀՀ-ում գործող իրավակարգավորումներին ևս կվերահսկվի ՊՎԾ կողմից:
Նախագծով նաև նախատեսվել են օրենսդրական երաշխիքներ՝ ՊՎԾ գործունեությանը խոչընդոտելու պարագայում վարչական պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաև Ծառայության վերահսկողական լիազորություններն իրացնելու ընթացքում գաղտնի տվյալների ստացման և մշակման ընթացակարգի կարգավորման համար։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ներառելու համար: