երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Մարզպետը մեկօրյա ժամկետ է տվել ՋՕԸ-ի և էլցանցերի ներկայացուցիչներին.  ակնալիճցիներին խոստացել են խնդիրը լուծել

Մարզպետը մեկօրյա ժամկետ է տվել ՋՕԸ-ի և էլցանցերի ներկայացուցիչներին. ակնալիճցիներին խոստացել են խնդիրը լուծել

Այսօր Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ 

Ակցիայի մասնակիցները բողոքում էին էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:

Հասկանալու համար, թե որն է բողոքի պատճառը, Zarkerak.am-ը կապ հաստատեց Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրի վարչական ղեկավար Շողիկ Մուրադյանի հետ: Նրա խոսքով, խնդիրը ոռոգման ջրի ու հոսանքի հետ է կապված, որի մասին մոտ մեկ ամիս է գյուղացիները բարձրաձայնել են: Շողիկ Մուրադյանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան այս պահին ավարտվել է:

«Էլեկտրաէներգիայի հետ կապված, լարերի հետ կապված խնդիր էր, սկզբում ասում էին քամու հետ է կապված խնդիրը»,- ասաց Շողիկ Մուրադյանը: Մեզ հետ զրույցում նա փոխանցեց, որ խոսել են արդեն մարզպետի հետ:

«Խոսել ենք մարզպետի հետ, մարզպետն էլ էր ներկա, հիմա միասին գնացել են տեսնեն այդ տարածքները, որտեղ ջուր չկա ու չեն կարողանում ոռոգում իրականացնել: Հարցին համապատասխան լուծում երևի կտրվի, որովհետև մարզպետն այդպես խոստացավ»,- ասաց Շողիկ Մուրադյանն ու ընդգծեց, որ տարիներ շարունակ չի եղել խնդիրը և այն նոր է:

Մեր հարցին, թե մինչև բողոքի ակցիա անելը դիմել են որևէ պատկան մարմնի՝ Ակնալճի վարչական ղեկավարն ասաց, որ մի քանի անգամ դիմել են համայնքապետարան, մարզպետարան՝ «հարցը լուծելու համար ժամանակ էր հարկավոր, բայց գյուղացիները չէին կարող համբերել»: Շողիկ Մուրադյանն ասաց, որ ստացած պատասխանը սպառիչ է եղել. «Իրենք գնացին, տեսան և ասացին, որ համապատասխան լուծում կտրվի: Ժամկետներ չեն նշել, բայց ասել են՝ կլուծվի»,- հայտնեց նա:

Արմավիրի մարզպետ  Էդվարդ Հովհաննիսյանև և Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը հանդիպել են բնակիչներին: Նաև հրավիրել են էլցանցերի ներկայացուցչին և Էջմիածին ՋՕԸ տնօրենին՝ միասին հարցի լուծումը հասկանալու համար:

Մեր գործընկերոջ փոխանցմամբ՝ Էջմիածին ՋՕԸ-ն հայտնել է, որ լույսի անջատումներն էլցանցի խնդիրն է, իսկ էլցանցը պնդել է հակառակը՝ ՋՕԸ-ի լարերի հետևանքով է:

Բաժանարար կետ կա, լարերի մի հատվածը պատկանում է էլցանցին, մյուսը՝ ՋՕԸ-ին: Թե հոսանքի տատանման խնդիրն որտեղից է առաջանում և ինչո՞ւ խորքային հորերը ջուր չեն կարողանում մատակարարել՝ դեռ պարզ չէ:

Վերջնարդյունքում, մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը մեկօրյա ժամկետ է տվել ՋՕԸ-ի և էլցանցերի ներկայացուցիչներին, որպեսզի նաև համայնքի ներկայացուցիչների հետ պարզեն՝ խնդիրը որտեղից է և, որ հաջորդ օրը նույն ժամին արդեն այն լուծված լինի:

  • Կիսվել: