շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մանրէները ջրում. ինչո՞վ են պայմանավորված ջրի համն ու հոտը, ե՞րբ է ցնդում քլորը, ինչու՞ է ֆիլտրն անօգուտ

Մանրէները ջրում. ինչո՞վ են պայմանավորված ջրի համն ու հոտը, ե՞րբ է ցնդում քլորը, ինչու՞ է ֆիլտրն անօգուտ

Վերջերս մենք լաբորատոր փորձաքննության էինք ներկայացրել Երևանի բոլոր՝  12  վարչական շրջաններից վերցրած ծորակի ջուրը։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ որոշ վարչական շրջաններում ջուրն ունի խնդիրներ կոշտության, հանքայնացման և կալցիումի քանակի մասով։ Հայտնում է anvtangsnund.am-ը։

Մանրէաբանական շեղումներ ոչ մի վարչական շրջանում չէին հայտնաբերվել։ Սա, սակայն, կասկածի տեղիք էր տվել մեր ընթերցողների մոտ, որոնք նշում էին, որ ծորակի ջուրն ունի «վատ համ և հոտ», հետևաբար, «չեն վստահում փորձաքննության արդյունքներին»։

Այդ պատճառով մենք խնդրեցինք մանրէաբանին պարզաբանել, թե ինչու մանրէաբանական շեղումների բացակայությունն ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը պետք է համ ու հոտ չունենա, և սպառողները գոհ լինեն դրա որակից։ 

Բացի այդ, մանրէաբանը բացատրում է, թե ինչո՞վ են պայմանավորված ջրի կոշտությունը, համն ու հոտը, ինչպե՞ս լավացնել ջրի համը, ինչու՞ շուկայում եղած ջրի ֆիլտրերը «չեն սպանում մանրէներին», ինչու՞ է վտանգավոր թորած ջուր խմելն ու ե՞րբ է ցնդում քլորը։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, մանրէաբան Ինգա Բազուկյանի հետ։

Ի՞նչ մանրէներ են սովորաբար լինում ջրում և ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե Երևանի ջուրն իսկապես ունենար անվտանգային խնդիրներ։

Երևան քաղաքը մատակարարող ջրամբարները բաց համակարգեր են, և քանի որ ջրամբարներն իրենցից ներկայացնում են էկոխորշ, ապա այնտեղ կարող են բնակվել որոշակի մանրէներ։ Սակայն, ըստ պետական ստանդարների, ջուրը միշտ ենթարկվում է մշակման այնպիսի նյութերով, որոնք թույլատրված են հենց պետական կառույցների կողմից։ 

Այն ջուրը, որ մենք խմում ենք, կարող է պարունակել որոշակի քանակությամբ մանրէ, բայց դա գտնվում է թույլատրելի սահմաններում։

Ինչո՞վ է պայմանավորված ջրի համն ու հոտը

Ջրի համը և հոտը ձևավորվում է բազմաթիվ գործոններից։ 

Առաջին հերթին՝ այն ջրամբարներից, որտեղ որ հավաքվում է, այսինքն՝ այն մայրական ապարներից. երբ որ ձնհալի ժամանակ ջուրը հալվելով հավաքվում է ջրամբարում, այն անցնում է հողային հատվածներով՝ հողից դուրս լվալով նաև իր մեջ լուծված աղերը։ Դրա համար մենք այս կամ այն վարչական շրջանում ստանում ենք տարբեր հանքայնացման, տարբեր կոշտության ջրեր. սա կախված է նրանից, թե ինչ ջրամբարից է մատակարարվում Երևանի տվյալ հատվածը։ 

Իրականում կոշտությունը պայմանավորված է հենց այն հողային և մայր ապարներով, որոնք մասակցում են տվյալ ջրամբարում հավաքվող ջրի ջրամատակարարմանը։ 

Մանրէները նույնպես կարող են ձևավորել համն ու հոտը։ Սակայն, քանի որ ջրամատակարաման կազմակերպությունն օգտագործում է մանրէասպան միջոցներ, որպեսզի ջուրը խմելու ջուր դարձնի, ապա այդ ջրամբարներում բնակվող մանրէները մահանում են։ Այսինքն՝ ողջ բջիջ մենք չենք հայտնաբերում։ Բայց դա չի նշանակում, որ տվյալ ջրամբարում չկան այդ բջիջների մնացորդները. իրենք մարդու առողջության համար վտանգավոր չեն, բայց իրենք կարող են ձևավորել ջրի համն ու հոտը։ 

 

  • Կիսվել: