Մանրամասներ՝ Գավառի միջադեպերի հետեւանքով վիրավորվածների առողջական վիճակի վերաբերյալ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով վիրավորում ստացածներից որեւէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիվանդանոցներից մեկի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ իրենց մոտ գտնվող 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Նրանք ստացել են հրազենային վնասվածքներ, հրազենի հետեւանքով՝ սրունքի կոտրվածներ, այս պահին կյանքին սպառնացող խնդիր չունենք»: Քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են, արհեստական շնչառության սարքեր միացված չեն:
Կուրղինյանը եւս մեկ անգամ հերքեց մամուլում երեկոյան տարածված այն տեղեկությունը, թե երեկ հարձակվել են նաեւ իրենց հիվանդանոցի վրա: Նրա խոսքով՝ գիշերը հիվանդանոցի տարածքում ամեն ինչ խաղաղ է եղել:
Մյուս երեք վիրավորները, որ գտնվում են այլ հիվանդանոցներում, կայուն ծանր վիճակում են: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ նրանք ստացել են հրազենային վիրավորում, եւ նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան:



