ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպին:
՛՛Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը՛՛,-ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 8-ին Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և ՛՛Ականատես՛՛ դիտորդական առաքելության դիտորդի միջև։
Ըստ առաքելության՝ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին, պահանջել հանձնել անձնական հեռախոսը և փորձել խոչընդոտել նրա հեռանալուն։
Միջադեպը, ըստ դիտորդի, կապված է եղել իր իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դատական հայցի հետ։



