Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ. ԱՆ
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել է ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդական Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ուռուցքաբանության զարգացման հետագա ուղիները։
Մասնագետները նշել են, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա` ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում:
ԱՀԿ վերջին հասանելի տվյալների (2018) համաձայն` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9.6 մլն մահացության դեպք:
Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ (ՉՆ): ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ` կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելու դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերինը` 17 մլն: