չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Лада-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. 25-ամյա տղամարդը տեղում մահացել է

Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Лада-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. 25-ամյա տղամարդը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Սպիտակի ոստիկանությունից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, իսկ քննչական խումբը ժամանել է՝ քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Լոռու մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռ. Խաչատրյանն էր, ով ՎԱԶ 21099-ի վարորդն է եղել։ Ոստիկաններն ու քննիչները այդ տեղեկությունը պարզում են։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: