երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Լոռու մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. հիվանդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Լոռու մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. հիվանդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Հովիկ Հարությունյանը, պարեկ Դավիթ Հարությունյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Մատինյանը, Բաբկեն Հարությունյանը:

Վթարի մասին Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց: Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը:

  • Կիսվել: