Լեմկինի և դյու Ֆուրնեի անունները կավելացվեն Ծիծեռնակաբերդի հուշապատին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին գտնվող հուշապատին կավելացվեն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի պաշտպանության գործում իրենց ավանդն ունեցած Ռաֆայել Լեմկինի և Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
100 մետր երկարությամբ ձգվող բազալտե հուշապատ վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
«Հունիսի 24-ին պատի այդ հատվածում կամփոփվի «ցեղասպանություն» տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից վերցված հողով սափորը։ Նախատեսվում է այնտեղ հավերժացնել նաև Արևելքում ֆրանսիական ռազմածովային ուժերի երրորդ նավատորմի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունը։ Նա ապօրինի հրաման է արձակել Մուսա լեռից ավելի քան 4 հազար հայ տղամարդկանց, կանանց և երեխաների տարհանման մասին, այլապես նրանք կմահանային», – ասաց Գզոյանը։
Հիշեցնենք` հուշապատի վրա փորագրված են Անատոլ Ֆրանսի (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր), Արմին Վեգների (գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս), Յոհաննես Լեփսիուսի (գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր), Ֆրիտյոֆ Նանսենի (նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Ազգերի լիգայում փախստականների գործերով գլխավոր հանձնակատար), Մարիա Յակոբսենի (դանիացի միսիոներ, բժիշկ, հայտնի է հայկական մանկատներում իր աշխատանքով) և այլոց անունները։