ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր

Լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր

«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի կարիքների գնահատման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում:

Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրություններ են իրականացրել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, ինչպես նաև Արմավիրի թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 10 դպրոցներում:

Յուրաքանչյուր դպրոցում կատարվել է կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունն ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով:

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: Նրանք փաստել են՝ ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով:

Շեշտվել է, որ նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Նշենք, որ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված է բարելավելու հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:

Դպրոցները կընտրվեն հանրապետության ողջ տարածքից՝ բացառությամբ ՀՀ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր և վերապատրաստումներ կտրամադրվեն «ԵՄ-Ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակներում:

Հավելենք, որ նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում նախատեսվում է իրականացնել նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

 

  • Կիսվել: