ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել են թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել են թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներն են եղել հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի: Այս մասին  այսօր Միասնական  տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու սարքը, այս անգամ ևս Օրբիտեր 3 տեսակի:

Խոսելով վիրավորների մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է:

Անդրադառնալով սահմանի իրավճակին, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ կրակոցները, հրետանակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր կեղծ հաշիվներից, օգտատերերից խուճապի տարածում:

«Ես նորից հորդորում եմ մեր գործընկերներին զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ միտում, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս՝  ինչ տեղի ունեցավ, ինչ վերցրեցինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Հարգելիներս, խնդրում եմ դրա ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել։ Սպասենք պաշտոնական տեղեկություններին և չտանք դեռ այդպիսի ծավալուն մեկնաբանություններ»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։ 

  • Կիսվել: