կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքում 22 տոննա մայոնեզով բարձված բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վիրավոր վարորդը եղել է խմած

Կոտայքում 22 տոննա մայոնեզով բարձված բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վիրավոր վարորդը եղել է խմած

Փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Մակեդոն Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով, որը բարձված է եղել 22 տոննա մայոնեզով, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի՝ Ծաղկաձորի կամրջի տակ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: 

Ողջ գիշեր՝ մինչև այժմ, փրկարարներն ու պարեկները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում, քանի որ պետք է ժամանեն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության ներկայացուցիչները:

  • Կիսվել: