չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կոտայքի մարզպետարանում քննարկել են ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման հարցեր

Կոտայքի մարզպետարանում քննարկել են ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման հարցեր

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:
 
Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:
 
Զեկուցելով օրակարգային հարցերը՝ Ա. Բաղրամյանը հավաստիացրել է, որ զորակոչն ընթանում է առանց խոչընդոտների, և անգամ հետպատերազմական շրջանը բացասաբար չի ազդել նախազորակոչիկների տրամադրվածության վրա:
 
Քննարկելով օրակարգի հարցերը և ընդգծելով այն հանգամանքը, որ այս զորակոչը հետպատերազմական շրջանից հետո առաջինն է և իր բարդություններով ոչ սովորական ու խոցելի, մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է զորակոչային շրջանի կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնել առավելագույն համբերատարությամբ, զգոնությամբ և զգուշավորությամբ՝ հաշվի առնելով նաև մեր քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը:
 
Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է նաև ուսումնասիրել նախորդ տարիներին արձանագրված բացերը՝ դրանք հետայսու բացառելու նպատակով:
 
Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:

  • Կիսվել: