Կորոնավիրուսի հետ կապված խուճապային տրամադրությունները Հայաստանում արդեն անցել են.պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահ է, որ կորոնավիրուսի հետ կապված խուճապային տրամադրությունները Հայաստանում արդեն անցել են։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կարանտինը Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում կազմակերպելուց հետո զբոսաշրջիկները սկսել են լքել Ծաղկաձորը, ասաց, որ ինքը, Առողջապահության նախարարը և Կոտայքի մարզպետը եղել են Ծաղկաձորում ու զրուցել այնտեղի բնակչության հետ։
«Այն ինֆորմացիան, որ Ծաղկաձորում հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ծաղկաձորի բնակչությունը շատ ըմբռնումով է մոտենում իրականացվող կարանտինին և սատարում է կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։
Նա նաև նկատեց, որ հեռախոսազրույց է ունեցել հյուրանոցների սեփականատերերի հետ, որոնք ասել են՝ իրավիճակը նորմալ է։
Պատգամավորը նաև ասաց, որ այժմ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում մեկնարկել է «#եկծաղկաձոր» ակցիան, որով կոչ է արվում քաղաքացիներին այցելել Ծաղկաձոր և իրենց հանգստյան օրերը անցկացնել այնտեղ։
«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն սատարելու քաղաքի տուրիզմին, պետք է օգտվեն այդ առիթից»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի տարածումն ինչ հետևանք կարող է թողնել տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա, պատգամավորը պատասխանեց՝ կորոնավիրուսի տարածումը իր բացասական ազդեցությունը ունեցավ համաշխարհային տնեսության վրա, այնուամենայնիվ Հայաստանը մինիմալ կորուստներով է դուրս գալիս իրավիճակից՝ արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ։