չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ

Կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ

Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել, տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։

Այն հնարավորություն կտա՝

• աշխատանքային պայմանագրերը կնքել թվային համակարգի միջոցով՝ օրենսդրությանը համապատասխան, գրագետ ու նույնանման,

• աշխատանքային հարաբերության կողմերին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով,

• պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,

• նվազեցնել փաստաթղթերի թղթային շրջանառության ծավալը,

• հավաքագրել աշխատաշուկայի վերլուծության համար վիճակագրական տվյալներ։

Համակարգը կմշակի Պետական եկամուտների կոմիտեն․ աշխատանքային պայմանագիրը աշխատողներին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Տեսչական և հարկային մարմինները կունենան փաստաթղթերին հասանելիություն՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգերի շրջանակում և հարկային հսկողության մասով, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կտրվի հասանելիություն՝ օտարերկրյա աշխատողի տվյալներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում։

Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝

• 2025 թ. հուլիսի 1-ից – 2026 թ. հունվարի 1-ը՝ կամավոր,

• 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։

  • Կիսվել: