չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են «Audi»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են «Audi»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում, «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Audi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել և տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Համբարձում Քելամյանն ու կրտսեր պարեկ Արթուր Ղազարյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սիրեկան Զատիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Անիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաները ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սուրեն Նիկոլյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: