Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարը և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի և ջոկատի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող Վասակ Ղազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանը և Գարիկ Մելքոնյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։



