Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել «Հնդկաստանի արդյունաբերության համադաշնությունում» (Confederation of Indian Industry), «Invest India» ներդրումների խթանման գործակալությունում և Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդում (Pharmexcil)։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը և արդի միտումները, արտահանման շուկաների բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։



