ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Մերցը հյուսիսկորեացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը համարում է սպառնալիք Եվրոպային

Մերցը հյուսիսկորեացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը համարում է սպառնալիք Եվրոպային

Հյուսիսկորեացի զինծառայողներին Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու նպատակով ուղարկելը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի ազատությանը: Այս մասին այսօր Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է dpa-ն։

Նշվում է, որ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով՝ Մերցն ընդգծել է Եվրոպայի և Կորեական թերակղզու անվտանգության փոխկապակցվածությունը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեային զենքի փոխանցումը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում նրա աջակցության դիմաց, ցույց է տալիս, թե որքան սերտորեն է փոխկապակցված երկու տարածաշրջանների անվտանգությունը»։

ԳԴՀ կանցլերը նշել է. «Կորեայի անվտանգությունն անդրադառնում է Եվրոպայի անվտանգության վրա։ Եվ Եվրոպայի անվտանգությունը իր հերթին անդրադառնում է Կորեայի անվտանգության վրա։ Աշխարհը փոքր է, նույնիսկ պատերազմի ժամանակ»։

Հաղորդվում է նաև, որ Մերցն ու Լին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, որը նախատեսում է կանոնավոր ռազմական փոխանակումներ, համատեղ զորավարժություններ և հետախուզական տվյալների փոխանակում։ Նրանք միաժամանակ Գերմանիայի և Հարավային Կորեայի պաշտպանական ընկերություններին կոչ են արել ընդլայնել համագործակցությունը։

Նշենք, որ ուրբաթ կանցլերը նախատեսում է այցելել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի։ Դա կլինի նրա ասիական շրջագայության եզրափակիչ փուլը, որի շրջանակում նա այցելել է նաև Սինգապուր և Ճապոնիա։

  • Կիսվել: