երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 29-ամյա վարորդը «Nissan»-ով անցել է հետիոտնի ճանապարհը, բախվել մանկավարժական համալսարանի երկաթե ճաղավանդակներին ու ծառին․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում․ 29-ամյա վարորդը «Nissan»-ով անցել է հետիոտնի ճանապարհը, բախվել մանկավարժական համալսարանի երկաթե ճաղավանդակներին ու ծառին․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Ալիկ Ավետիսյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված ճանապարհահատվածը և բախվել մանկավարժական համալսարանի երկաթե ճաղավանդակներին ապա առաջ ընթացել բախվել ծառին։

Ինչպես հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են վիրավորին ավտոմեքենայից դուրս բերած, տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերած նույն վաշտի պարեկներ Անահիտ Ասատրյանն ու Իլյա Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: