ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ԿԳՄՍ նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին Գավառի թիվ 5 դպրոցի նախակրթարանի բացմանը

ԿԳՄՍ նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին Գավառի թիվ 5 դպրոցի նախակրթարանի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վերին Գետաշենում նախակրթարան բացելուց հետո  սեպտեմբերի 19-ին այցելեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ եւս մասնակցեցին հերթական նախակրթարանի բացման արարողությանը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցի տնօրենը պատմեց, որ հատկապես խիտ բնակեցված բազմաբնակարան բնակելի շենքերի եւ հարակից տարածքների նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ չլինելու պատճառով զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ այժմ արդեն, նրանք, շնորհիվ այս կառույցի, ունեն այդ հնարավորությունը:  Դպրոցի առաջին հարկում հիմնված նախակրթարանն ունի առանձին մուտք,   կահավորված 2 դասասենյակ, հանդերձարան եւ սանհանգույց: Այստեղ երկու հերթով նախադպրոցական կրթություն կստանան 30 սան: Նախակրթարանի հիմնումն իրականացվել է «Նախադպրոցական կրթություն» միկրոծրագրի շրջանակներում: Ծրագրի ֆինանսավորող կողմեր են հանդիսանում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը եւ Գավառի համայնքապետարանը:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 314 հազար դրամ: Դրամաշնորհային ծրագրում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումը կազմում է 6 միլիոն 634 հազար դրամ, իսկ Գավառի համայնքապետարանը ներդրել է  2 միլիոն  680 հազար դրամ: Նախակրթարանի բացումից հետո իրենց տպավորություններով կիսվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախակրթարանները ստեղծվում են մարզպետարան-համայնք - նախարարություն եռակողմ համագործակցության արդյունքում, եւ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում   նախակրթարաններ են բացվում, իսկ  այս տարի դրանց թիվը  5-ն է:Դրանք  գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում եւ Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ   մենք կարողանում ենք նաեւ մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել եւ տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ: Ասեմ  նաեւ, որ մարզում այս տարի եւս 12 մանկապարտեզ է կառուցվում, եւ բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների եւ նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

«Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն երեխաները, ովքեր մինչև դպրոց գնալը հաճախում են նախադպոցական ուսումնական հաստատություններ, նրանց մոտ կրթական գործընթացը շատ ավելի դյուրին է լինում եւ երեխաներն ավելի մեծ հաջողություն են ունենում ուսման  ընթացքում:  Եվ դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ծրագրում ունենք այսպիսի դրույթ, որ մինչեւ 2023 թվականը 3-6 տարեկան սաների 70 տոկոսը պետք է հաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Գեղարքունիքի մարզում այս տարի հիմնած նախակրթարանները դպրոցների տարածքներում են, որտեղ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համաֆինանսավորման արդյունքում:   Նախակրթարանների գործունեությունը հնարավորություն է տալիս 4-6 տարեկան սաներին ներգրավել նախադպրոցական կրթության գործընթացում: Նախակրթարաններ հիմնում ենք այն համայնքներում, որտեղ առկա է համաֆինանսավորում եւ որտեղ դրա կարիքը կա:  Գեղարքունիքի մարզում նկատելի աճ է արձանագրվում ծնելիության առումով, եւ դրան զուգընթաց մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաեւ նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը:

 

Նախակրթարանի բացման առթիվ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը գրքեր նվիրեց հյուրերին եւ դպրոցի տնօրենի անունից շնորհակալագիր՝Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ նախակրթարանի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար:

  • Կիսվել: