հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշնանային արձակուրդից հետո ուսումնական գործընթացի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում. Անդրեասյան

Աշնանային արձակուրդից հետո ուսումնական գործընթացի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում, և ամենահավանական տարբերակը, որ առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկում են, այն է, որ առկա ուսուցումը ապահովվի տարրական մակարդակում, իսկ միջին և ավագ դասարանների դեպքում առաջարկում են գնալ որոշակի տարբերակված մոտեցման։

«Այն համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, իրավիճակային մոտեցում է նախատեսվում կիրառել, այսինքն՝ եթե մենք ունենք դեպքեր, որ 10 տոկոս և ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման։ Եթե դեպքերը ցածր են, ապա միանգամից կարող են ուսումնական պրոցես սկսել։ Հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ հարցը քննարկվում է, և առաջիկայում վերջնական որոշում կներկայացնեն։

Նրա խոսքով՝ կախված առողջապահական վիճակից՝ նախադպրոցական հաստատությունների դեպքում ևս մի քանի տարբերակ է քննարկվում։

Անդրեասյանն ընդգծեց, որ մասնավոր դպրոցները որոշակի ճկունություն ունեն՝ կարող են ընտրել իրենց արձակուրդների ժամանակահատվածը և տևողությունը։ 

  • Կիսվել: