շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին: Բացի այդ, գումար կհատկացվի 8 դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար:

«Գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում: Եվ հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով», -ասել է ԿԳՄՍ նախարարը:

Բացի այդ, ըստ Ժաննա Անդրեասյանի, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի 10 տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է, և այդ հատվածը պետք է

կառուցվի՝ վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման: Վարչապետն ընդգծել է ժամկետի սահմանման կարևորությունը. «Պրակտիկայում ի՞նչ իրադրություն ենք տեսնում: Գնում, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա՝ մյուս պրոբլեմը: Այսպես կարող եմ շարունակել: Առանց ժամկետի սահմանման որևէ կերպ չի ստացվի»:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ծրագրով նախատեսվող բոլոր օբյեկտների շինարարության վերջնաժամկետները:

Վարչապետը մարզպետներից հետաքրքրվել է նաև իրականացվող շինարարությունների ընթացքից: Ի պատասխան մարզպետները վստահեցրել են, որ իրականացնում են պատշաճ վերահսկողություն: Մասնավորապես, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից: Ըստ մարզպետի՝ Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, այդ մասին տեղեկացրել են պատվիրատուին և առաջարկել վերանայել:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիրը հեշտ լուծելի չէ: Ինչ-որ քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:

Թեմայի առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ պետք է արձանագրել խնդիրը և սովորել դա լուծել: «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Իհարկե, փորձը միշտ էլ ամենակարևոր բանն է, բայց փորձն առանց ֆունդամենտալ գիտելիքներ ունենալու՝ տնայնագործություն է և ինքնուսուցում, որը կարող է հաջողություն բերել, բայց դա համակարգ չէ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

  • Կիսվել: